Լրահոս

21.02.2012 17:34


Սամվել Նիկոյանը քննարկել է պատգամավորների կողմից ուրիշի փոխարեն քվեարկելու հարցը

Սամվել Նիկոյանը քննարկել է պատգամավորների կողմից ուրիշի փոխարեն քվեարկելու հարցը

ԱԺ–ից տեղեկացնում են, որ այսօր ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանի կողմից հրավիրված խորհրդակցության ժամանակ, ի թիվս այլ հարցերի, քննարկվեց նաեւ ՀՀ ՔՀԾ կողմից ՀՀ ԱԺ նախագահին ուղարկված գրությունը:

Քննարկման ժամանակ արձանագրվեց, որ գրության մեջ հիշատակված հարցերը կանոնակարգված են «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ  օրենքի 45-րդ, 56-րդ եւ 61-րդ հոդվածներով: Մասնավորապես, 56-րդ հոդվածի 2-րդ կետի «գ» ենթակետով սահմանված է, որ պատգամավորը կարող է նիստի վարման կարգի վերաբերյալ ելույթով առաջարկել վերականգնել քվեարկության արդյունքները լուսատախտակի վրա եւ կարծիք հայտնել քվեարկության ընթացքում խախտումների մասին:  Հիշատակված նիստում` քվեարկության ժամանակ, պատգամավոր Լարիսա Ալավերդյանը, վարման կարգով ելույթ ունենալով, նշել է մեկ պատգամավորի անուն, ասելով, որ նա քվեարկել է ուրիշի փոխարեն, սակայն չի առաջարկել վերականգնել քվեարկության արդյունքները լուսատախտակի վրա: Նիստը վարողը, հաշվի առնելով քվեարկության արդյունքները, եւ այն, որ հիշատակված դեպքը էականորեն չի ազդում քվեարկության արդյունքների վրա, վերաքվեարկություն չի հայտարարել:

Ինչ վերաբերում է նիստի ընթացքում պատգամավորների կողմից թույլ տրված կանոնակարգային խախտումների մասին հիշատակումներին, փաստ է, որ բացի վերոհիշյալ դեպքից, կոնկրետ այլ պատգամավորների անուններ որեւէ պատգամավորի կողմից չեն հնչեցվել: Ուստի, նիստը վարողը «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 3-րդ կետի հիմքով պատգամավորների նկատմամբ կարգապահական միջոցներ չի կիրառել` հորդորելով պատգամավորներին ուրիշի փոխարեն չքվեարկել:

Խորհրդակցության ընթացքում, կարեւորելով նման դեպքերի բացառումը, նշվեց, որ ՀՀ Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի փոփոխության արդյունքում ստեղծվելիք էթիկայի հանձնաժողովի գործառույթներում ներառված են նաեւ պատգամավորի վարքագծի կանոններին առնչվող հարցերը,  գործուն մեխանիզմներ են նախատեսված քննարկվող բացասական երեւույթները կանխելու համար:

Քննարկման արդյունքում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը որոշեց դիմել ՀՀ Ազգային ժողովի խմբակցություններին` կոչ անելով աշխատանք տանել հետայսու համանման երեւույթները բացառելու համար: 

Այս խորագրի վերջին նյութերը